Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի   դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար  924:

«Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն  հասցրել հաշվառվել, անհրաժեշտ է դիմել համայնքային կենտրոններ:  Ավելի քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում:  Պատասխանատու անձանց տվյալներով մարդիկ կարող են կապնվել և անցնել հաշվառման գործընթացը:  Այս նույնականացումը խիստ կարևոր է մեզ համար, որպեսզի  հաջորդիվ  բռնի տեղահանված մարդիկ ընդգրկվեն տարբեր սոցիալական ծրագրերում, որ իրականացնում է պետությունը»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն իսկ մեկնարկել է երկու գործընթաց. մեկը վերաբերում է  միանվագ գումարների տրամադրմանը՝ 100 հազարական դրամներին, որոնք հատկացվելու են յուրաքանչյուր անձի, որ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների հետևանքով և  մյուսը վերաբերում է բնակարանների վարձակալության  գումարներին, որոնք հատկացվում են այն անձանց, որոնք  չունեն սեփականություն ՀՀ-ում:  Յուրաքանչյուր անձին տրամադրվում է 40 հազար դրամ և 10 հազար դրամ  կոմունալ վճարումների համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

ajax-loader