Քաջարանում «համով-հոտով» տոնում են Հայ կինոյի 100-ամյակը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Մշակույթի պալատի և «Քաջարան» կինոթատրոնի համատեղ ուժերով Քաջարանում կազմակերպվել է կինոցուցադրություն փոքրերի և մեծահասակների համար։ Ակդ մասին տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։

Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«Ինչպես արդեն գիտեք, այս տարի նշվում է Հայ կինոյի 100-ամյակը։ Հայաստանի բոլոր կինոթատրոններում այդ կապակցությամբ կազմակերպվում են կինոցուցադրություններ և Քաջարանը նույնպես միացավ այդ նախաձեռնությանը։

Օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Մշակույթի պալատի և «Քաջարան» կինոթատրոնի համատեղ ուժերով Քաջարանում կազմակերպվեց կինոցուցադրություն փոքրերի և մեծահասակների համար։ Քանի որ երեկոյան ծրագրի մեջ ներառված էին «Լավաշ» վավերագրական և «Առաջին սիրո երգը » գեղարվեստական ֆիլմերը, ուստի որոշեցինք յուրահատուկ միջոցառում կազմակերպել։

Եվ այսպես երկարատև դադարից հետո վերականգնվեց բացօթյա ցուցադրությունների ավանդույթը։ Նախկին «Բաղաբերդ» ճամբարի տարածքում հնչեց հայկական երգն ու պարը։ Դուդուկի մոգական հնչյունների ներքո տրվեց միջոցառման մեկնարկը, այնուհետև «Նռանե» պարային համույթի սաները ներկայացրեցին լավաշի թխման արարողությունը, իսկ մեր համաքաղաքացի Արփինե Ավետիսյանը, ով հայտնի է իր թթխմորով հացերի լայն տեսականիով, խոսեց թթխմորով հացերի օգտակարության, իր գործունեության մասին։ «Լավաշ» ֆիլմը դիտելուց հետո հյուրերը բնության գրկում համտեսեցին Արփինեի պատրաստած հացերը, ինչպես նաև ավանդական լավաշն ու պանիրը, թանն ու գաթան։

«Առաջին սիրո երգը» ֆիլմի ավարտից հետո «Նռանե» պարային համույթի սաների հետ հյուրերը խարույկի մոտ շուրջպար բռնեցին և կատարեցին «Թամզարա» ազգագրական պարը»:

ajax-loader