Ժամկետային զինծառայության անցած կանայք վերջում կստանան 1 միլիոն դրամ

Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ նրա, կարևոր հանգամանք է. «Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը  բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել»,- նշեց նա։

ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման  աշխատանքները։ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի ու անձամբ կծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին, որ  ամեն ինչ իր ուզածով ընթանա։

«Եկեք չթաքցնենք՝ սկզբից շատ կասկածեր կլինեն, քմծիծաղներ կլինեն, բայց ամենակարևորն է, որ մենք լրջությամբ մոտենանք խնդրին, մեր բոլոր ընթացակարգերը, մշտական տեղակայման վայրերը պետք է լինեն հնարավոր բարձր ստանդարտի ու մեր  վերաբերմունքն էլ լինի հնարավորինս լուրջ, որովհետև, երբ քննարկում ենք, ես ասում եմ՝ նախկինում խոսում էինք բանակում երեխաների բացակայության մասին, որ բանակում չկա երեխա, բանակում կա զինվոր, իմ մոտեցումը նույնն է նաև այս դեպքում՝ բանակում չկա կին, բանակում չկա տղամարդ, բանակում կա զինվոր կամ զինվորական, ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»,- նշեց վարչապետը։

Սուրեն Պապիկյանն ասաց, թե կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամառային զորակոչին, բայց նշեց՝ պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։

«Ամառվա մասին եկեք մոռանանք, ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռյաին զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը։

ajax-loader