Իմանալով բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝ ինքս եմ զանգել ԱԱԾ․ Միհրան Պողոսյանի հայտարարությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՀՀ-ում մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերելու դեպքի հետ:

«Սույն թվականի մայիսի 13-ին տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին՝ անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։

Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։

Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ ակնկալվող բանանի փոխարեն հայտնաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը փաստաբանական խմբի հետ միասին ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։

ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։

Եվ այս պարագայում խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ահազանգել են դեպքի մասին։

Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր, ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։

Ելնելով մի շարք գործոններից՝ առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։

ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը, ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ կա ձերբակալված: Վերջինս «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ. Ղ.-ն է:

Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։

ՀՀ վարչապետը, երեկ ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։

ajax-loader