1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

«Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 1 տոննա կոկաինի գործով ավելի վաղ մի քանի հարց էինք ուղղել ԱԱԾ-ին, այդ թվում՝ հարցրել էինք, թե որ ընկերության մասին է խոսքը՝ ԱԱԾ-ի՝ մայիսի 17-ին տարածած հաղորդագրությունում։ ԱԱԾ-ն չէր պատասխանել մեր հարցերին՝ հիմնավորելով նախաքննական գաղտնիքով, բայց այսօր ԱԱԾ-ն մամուլի հաղորդագրություն է տարածում՝ նշելով ընկերության անունը։

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականտերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։

ajax-loader