Xpeng X2 թռչող մեքենան առաջին թռիչքն է կատարել չինական քաղաքում

Չինական AeroHT ստարտափը հայտարարել է, որ Xpeng X2 թռչող մեքենան հաջողությամբ թռել է Հունան նահանգի Չանշա քաղաքով անցնող Սյան գետի վրայով։ Մեքենան դուրս է եկել գետի ձախ ափից և վայրէջք կատարել Չժոութու հրապարակում՝ անցնելով 1,5 կմ տարածություն և օդում անցկացնելով 4 րոպե։

AeroHT-ը հիմնադրվել է 2013-ին XPeng-ի գլխավոր տնօրեն Հե Սյաոպենգի ֆինանսական աջակցությամբ: X2-ն ի սկզբանե հայտարարվել էր որպես Voyager 2, սակայն, ըստ պաշտոնական կայքի, այն այժմ կոչվում է Xpeng X2:

Բացված վիճակում Xpeng X2-ն ունի 5172 x 5124 x 1362 մմ չափեր, իսկ ծալված վիճակում դրա չափերն են՝ 4949 x 2113 x 2055 մմ: Ավտոմեքենայի քաշը 680 կգ է, առավելագույն օգտակար բեռի տարողունակությունը՝ 160 կգ։ Սա երկու տեղանոց մեքենա է, ուստի կարող է տեղափոխել մինչև 80 կգ քաշով երկու ուղևորի։ Ավտոմեքենայի կմախքը կառուցված է հիմնականում ածխածնային նյութերից։

Ի տարբերություն սովորական անօդաչու թռչող սարքերի մեծամասնության, որոնք ունեն չորս շարժիչ, Voyager X2-ը օկտոկոպտեր է. յուրաքանչյուր թևն ունի զույգ շարժիչներ և պտտաթևեր, ինչը լրացուցիչ ուժ է հաղորդում և ավելացնում հուսալիությունը շարժիչներից մեկի խափանման դեպքում: Եթե ​​միանգամից մի քանի շարժիչներ խափանվեն, ապա գործի է դրվում ներկառուցված պարաշյուտը։

Xpegn X2-ը օդում կարող է մնալ մինչև 25 րոպե: Ընկերության տվյալներով՝ արտադրական տարբերակը, որը շուկա կհայտնվի 2025-ին, կկարողանա ավելի շատ տարածություն անցնել։

Ըստ AeroHT-ի՝ սա առաջին դեպքն է, որ թռչող ավտոմեքենան թռիչք է կատարում գետի վրայով, ինչը կարևոր նշաձող է թռչող ավտոմեքենաների տեխնոլոգիայի զարգացման գործում: Այնուամենայնիվ, նախքան գետի վրայով թռնելը, Xpeng X2-ը մոտ 4000 փորձնական թռիչք է կատարել:

AeroHT-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ժաո Դելին ավելի վաղ ասել էր, որ այս ավտոմեքենայի գինը կտատանվի $110,000-ից մինչև $200,000-ի սահմաններում: 

ajax-loader