Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «Հայփոստի» հետ համագործակցության ոլորտները:

Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը և շեշտել, որ առաջիկայում էլ նախատեսվում են նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը և շեշտել, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գրավիչ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելու սկզբունքներ և հանդես է գալիս գործարարներին և արտադրական կազմակերպություններին աջակցելու դիրքերից:

Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր նույնպես ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման հարցում:

ajax-loader