Samsung-ը ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։
Ինչպես տեղեկացնում է Sammobile.com-ը, երկու մոդելներն էլ համապատասխանում են ԱՄՆ զինված ուժերի՝ բջջային սարքերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ունեն Samsung Knox-ի և Knox Dual Data at Rest-ի (DualDAR) աջակցություն, որոնք նաև համապատասխանում են գաղտնի տվյալների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության պահանջներին։
Սարքերում նախապես տեղադրված են հավելվածներ, որոնք օգտակար կլինեն նաև զինվորականների համար.
- ATAK (Android Team Awareness Ki)․ ապահովում է ճշգրիտ թիրախավորում, հետախուզություն, նավիգացիա ռազմական գործողությունների ժամանակ և տվյալների փոխանակում,
- BATDOK (Battlefield Assisted Trauma Distributed Observation Kit)․ վերահսկում է տուժած զինվորականի կենսական տվյալների մոնիտորինգն իրական ժամանակում և հեշտացնում է բժշկի աշխատանքը շտապ օգնության տրամադրման հարցում:
Կա նաև DeX հարթակի աջակցություն, որը զինվորականներին ազատում է նոութբուք օգտագործելու անհրաժեշտությունից:
Սմարթֆոններն ունեն հատուկ պաշտպանիչ պատյաններ, որոնցով անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է ամրացնել կրծքին կամ ձեռքին։
Galaxy S23 Tactical Edition-ի և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ի բնութագրերը ոչնչով չեն տարբերվում սմարթֆոնների «քաղաքացիական» տարբերակներից. երկուսն էլ ունեն IP68 պաշտպանություն, իսկ էկրանները պաշտպանված են Gorilla Glass Victus+-ով: