OTHA-Spring-2023-ը Երևանում համախմբել է աշխարհի առաջատար մաթեմատիկոսներին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 80-ամյակի շրջանակներում ապրիլի 19-ին ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովին մասնակցում են առաջատար մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից, Հայաստանից։

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշել է, որ գիտաժողովն ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Որոշվել է այն 2023-ին անցկացնել Հայաստանում՝ խորացնելու համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում:

 «Սա շատ լավ հնարավորություն է ամրապնդելու մեր կապերն արտասահմանյան գիտական կենտրոնների հետ և ստեղծելու նոր համագործակցություններ։ Սա հատկապես կարևոր է երիտասարդ մաթեմատիկոսների համար, ովքեր այս միջոցառման շնորհիվ ծանոթանում են առաջատար մաթեմատիկական կենտրոններում կատարվող հետազոտություններին», -նշել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը։

«Այսօր մեր համար մեկ խնդիրը երիտասարդ կադրերի պատրաստումն է, և ես հույս ունեմ, որ նման հեղինակավոր միջոցառումների արդյունքում Հայաստանում գիտական ոլորտն ավելի գրավիչ կդառնա երիտասարդների համար», – ընդգծել է ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։

Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, «Journal of Mathematical Sciences» (Series A) գիտական ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը շեշտել է համագործակցության զարգացման կարևորությունը։ Նա նշել է, որ նախատեսվում է գիտաժողովի արդյունքներին նվիրված հրապարակում «Journal of Mathematical Sciences» ամսագրում, որը բացի անգլերենից կլինի նաև հայերեն լեզվով։

Գիտաժողովի շրջանակներում միջազգային հրատարակչական «Springer» ընկերությունը կազմակերպել է մասնագիտական գրքերի ցուցադրություն։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ապրիլի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

ajax-loader