Nordic Response 2024 զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20 հազար զինծառայող

ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Շվեդիան և Ֆինլանդիան մասնակցում են Nordic Response 2024 զորավարժություններին։ Nordic Response 2024-ը ՆԱՏՕ-ի Steadfast Defender ընդգրկուն զորավարժությունների մի մասն է: Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Շվեդիան փաստացի ՆԱՏՕ-ի անդամ դարձավ այն ​​բանից հետո, երբ Հունգարիան վավերացրեց նրա անդամակցության հայտը: Դաշինքին միանալու ակտի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։

Nordic Response զորավարժությունները Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային շրջաններում կանցկացվեն մարտի 4-ից մինչև 15-ը՝ 13 երկրների ավելի քան 20 հազար զինծառայողների մասնակցությամբ։

Նորվեգիայի զինված ուժերի տեղեկատվության համաձայն՝ Nordic Response-ին կմասնակցեն Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն: Ըստ Նորվեգիայի զինված ուժերի հրապարակած տվյալների՝ զորավարժություններին կուղարկվեն ավելի քան 50 նավ, այդ թվում՝ ֆրեգատներ և սուզանավեր, ինչպես նաև 100-ից ավելի կործանիչներ, ուղղաթիռներ և այլ թռչող սարքեր։

Մասնավորապես, Ֆինլանդիան կուղարկի շուրջ 4100 հոգուց բաղկացած անձնակազմ և մոտավորապես 700 միավոր տեխնիկա, այդ թվում՝ F/A-18 Hornet 12 կործանիչ, ինչի մասին ավելի վաղ հայտնել են Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը և երկրի զինված ուժերը։ Իսկ Շվեդիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ երկիրը գործի կդնի մոտավորապես 4500 հոգուց բաղկացած անձնակազմ` բոլոր տեսակի զորքերից։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Nordic Response զորավարժությունները կարող են սրել լարվածությունը և պատասխանի կարժանանան Ռուսաստանի կողմից։

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 2023 թ. ապրիլին։ Հունգարիայի խորհրդարանը Շվեդիայի հայտը վավերացրել է փետրվարի 26-ին։

ajax-loader