ՆԱՍԱ-ն հայտնել է, որ ստեղծել է նոր սերնդի արևային առագաստով հարթակ, որն արդեն պատրաստ է տիեզերք արձակման։ Փոքր արբանյակն արձակվելու է այս ամիս` Նոր Զելանդիայի Մահիա քաղաքի 1-ին արձակման համալիրից՝ Rocket Lab-ի Electron հրթիռով:
Հազար կիլոմետր բարձրության վրա արևի համաժամանակյա ուղեծիր դուրս բերվելուց հետո հարթակը կբացի իր 80 մ2 մակերեսով արևային առագաստը, որից արտացոլված արևի լույսի շնորհիվ օբյեկտը կդառնա այնքան պայծառ, որքան Սիրիուս աստղը։
![](https://armhanq.com/wp-content/uploads/2024/04/image-1-9-1024x683.jpg)
Արևային առագաստների նոր հարթակը փորձարկելու համար NanoAvionics ընկերությունն արտադրել է հատուկ մասշտաբով 12U կուբսատ: Փորձարկման նպատակն է ստուգել «առագաստների սարքավորման» համակարգը՝ կոմպոզիտային կայմերը, որոնք հատուկ ստեղծված են արևային առագաստների համար և ծալված վիճակում բավական փոքր են, սակայն կարող են բացվել՝ յուրաքանչյուրը յոթ մետր երկարությամբ։
Փորձնական առագաստը բացելու համար կպահանջվի 25 րոպե և ողջ գործընթացը կնկարահանվի։ Համակարգի աշխատանքը ստուգելուց բացի՝ փորձարկումը նպատակ ունի տվյալներ հավաքել էլ ավելի մեծ առագաստներ ստեղծելու համար։ Նաև կփորձարկվի կուբսատի մանևրելու ունակությունը՝ առագաստների դիրքավորման օգնությամբ, ինչպես դա տեղի է ունենում Երկրի վրա նավարկելիս: Միայն տիեզերքում առագաստի վրա ճնշումը կստեղծվի արեգակի արտանետվող ֆոտոնների կողմից, սակայն սկզբունքը նույնն է։
![](https://armhanq.com/wp-content/uploads/2024/04/image-1-10-1024x576.jpg)
ՆԱՍԱ-ում համարում են, որ ապագայում առագաստներով արբանյակները կկարողանան օգտագործվել երկարաժամկետ առաքելություններում ամբողջ Արեգակնային համակարգում: Սա թույլ կտա նաև ազատվել ծանր շարժիչներից և վառելիքի հսկայական պաշարներից: Այսպիսի առագաստներով արբանյակներին շարժվել կստիպի արևը։
Ինչ վերաբերում է առագաստների տեղակայման համակարգին, ապա այն կարող է կիրառություն գտնել նաև տիեզերակայանների ստեղծման և Լուսնի և Մարսի վրա բազաների կառուցման մեջ։ Սա լայն սպեկտրի տեխնոլոգիա է, մնում է պարզապես փորձարկել այն տիեզերական պայմաններում՝ հաստատելու ընտրված կոմպոզիտային նյութերի ամրությունն ու հուսալիությունը: