Մենք նոր գործընկերներ կունենանք հանքարդյունաբերության ոլորտում․ Հայաստանը՝ MINEX-ում։

Լոնդոնում օրերս կայացավ հանքարյունաբերական MINEX միջազգային ֆորումը։ Ոլորտում առևտրային և ռազմավարական գործակցության հաստատմանը միտված, համաշխարհային մեծ հնչեղություն ունեցող այս միջոցառմանն առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եվրասիական տարածաշրջանի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հանքարդյունաբերության ասպարեզում, ոլորտի զարգացման միումները և ներդրումային սկզբունքները։ Armhanq-ը հրապարակում է փոխնախարարի հետ բացառիկ հարցազրույցը Լոնդոնից։

Ի՞նչ են տալիս նման ֆորումները Հայաստանին։

-Ես ներկայացնել եմ հանքարդյունաբերության զարգացմանն ուղղված՝ մեր երկրի պատկերացրած ապագան և այն, թե ինչպես ենք հրավիրում օտարերկրյա գործընկերներին, որպեսզի գան Հայաստան, ներդրումներ կատարեն։ Մենք պետք է կարողանանաք ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն, իսկ պետութան ընդունած ռազմավարությունը մինչև 2030 թվականը կանխատեսելիություն կապահովի բոլոր գործընկերների համար։ Այդ առումով նման ֆորմատի հանդիպումները, ծանոթություններն անայման դրական էֆեկտ կտան։

Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ Հայաստանը բաց է գործակցության համար, պատրաստ է աշխատել Եվրամիության երկրների հետ։ Կա՞ն արդյոք կաշկանդող հանգամանքներ, ի՞նչ խնդիրներ ունենք։

-Կաշկանդող բացարձակ ոչինչ չկա, խոսքը ստանդարտների, հաշվետվողականության մասին է։ Հայաստանը ներկայում տեղայնացնում է միջազգային ստանդարտները։ Արդեն նաև հաշվետվողականության մեջ ենք փորձում կիրառել դրանք, որպեսզի ֆինանսական կազմակերպությունների համար ավելի հեշտ և կանխատեսելի լինեն այն արդյունքները, որոնք նրանք ցանկանում են գնահատել։

Ֆորումին շատ խոսվեց շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության մասին։ Հայաստանն ի՞նչ դիրք է գրավում այդ միջակայքում, դրսի գործընկերների հետ շփվելիս ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։

-Շրջակա միջավայրի պահպանությունն, ընդհանրապես, շատ կարևոր է, որի համար էլ մենք առաջնային ենք դարձրել օգտագործվող ստանդարտների տեղայնացումը։ Ազգեցությունը մեղմելու կամ հնարավոր բացասական հետևանքները բացառելու՝ նույն ստանդարտների կիրառումն ենք փորձում ապահովել Հայաստանում։

Կհաջողվի՞ նոր գործընկերներ ձեռք բերել Հայաստանի համար այս հարթակի միջոցով։

-Կարծում եմ՝ այո։ Հայաստանի ներդրումային գրավչությունն օր-օրի ավելանում է, և ես այստեղ եմ այն ևս մեկ անգամ մատնացույց անելու համար։

MINEX Eurasia Conference-ը հարթակ է տրամադրում ներդրումային նախաձեռնությունների և օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության թարմացումները ցուցադրելու համար, որոնք ուղղված են Հայաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Մոնղոլիայում հանքարդյունաբերության զարգացման կենտրոններին: Բացի այդ, համաժողովը ներկայացնում է արդյունաբերության զարգացման օրինակներ՝ միտված արտադրողականության բարձրացմանը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելուն և արդյունահանման ոլորտում համայնքային հարաբերություններն ամրապնդելուն:

ajax-loader