Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։
Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Ֆլայ Արնան» Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։
Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների հիման վրա, որի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին:
Մասնավորապես՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս։