Առաջինը Մերձավոր Արևելքում․ Hyundai Motor-ը գործարան կկառուցի Սաուդյան Արաբիայում

Hyundai Motor-ը և Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամը համաձայնության են եկել թագավորությունում մեքենաներ արտադրելու համատեղ ձեռնարկության շուրջ: Այդ մասին հայտնում են հարավկորեական ընկերությունից: Ի դեպ, սա կլինի Hyundai-ի առաջին գործարանը Մերձավոր Արևելքում։

Ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 500 միլիոն դոլարը, հարավկորեական կողմին է պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 30%-ը, իսկ հիմնադրամինը՝ 70%-ը։ Նշվում է, որ գործարանում ավտոմատացման մակարդակը բարձր է լինելու։ Օբյեկտի շինարարության ընթացքում Hyundai-ն նաև տեխնոլոգիական աջակցություն կցուցաբերի։

Շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականին, իսկ առաջին արտադրանքը հավաքման գծից դուրս կգա 2026-ին։ Ակնկալվում է, որ գործարանը տարեկան կարտադրի 50 հազար ավտոմեքենա, այդ թվում՝ էլեկտրական մեքենաներ։

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հոկտեմբերի 21-ին քառօրյա պետական ​​այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Նախօրեին նա և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ էին վարել Էր-Ռիադում։

ajax-loader