Մեկնարկել են Flyone Armenia-ի Երևան-Թեհրան-կանոնավոր թռիչքները

 Flyone Armenia hայկական ազգային ավիաընկերությունը հունիսի 6-ից տվել է Երևան – Թեհրան – Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը:

Ինչպես հայտնեցին ավիաընկերությունից, Երևան – Թեհրան – Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն ու մեկնարկի կապակցությամբ նշեց. «Հայկական Flyone Armenia ազգային բյուջետային ավիաընկերության կողմից Երևան-Թեհրան-Երևան ուղիղ չվերթների մեկնարկը սպասված էր, և վստահ ենք, որ այս նոր ուղղությունը կլինի նույնքան պահանջված, որքան Flyone Armenia ավիաընկերության՝ շուրջ երկու տասնյակի հասնող ճամփորդական ուղղությունները: Նոր չվերթը հարմարավետ տրանսպորտային այլընտրանք կստեղծի Երևանի և Թեհրանի միջև՝ հնարավորություն տալով խթանելու մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ամուր կապերը»։

Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։


Flyone Armenia ընկերության մասին

Flyone Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Flyone Armenia- առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Փարիզը, Մոսկվան, Միլանը, Լիոնը, Դյուսելդորֆը, Լառնական, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Սոչին, Միներալնիե Վոդին, Սամարան, Նովոսիբիրսկը, Բեյրութը, Դուբայը, Թել Ավիվը, Ստամբուլը, Թբիլիսին և Քիշնևը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

ajax-loader