Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի բաժնետեր Air Arabia ավիաընկերության շահույթը 2022 թվականի համար կազմել է 1,2 մլրդ դիրհամ՝ 2021 թվականի համեմատ աճելով 70%-ով։
Ավիաընկերության շրջանառությունը 2022 թվականին հասել է 5,2 միլիարդ դիրհամի՝ 65%-ով գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը:
2022 թվականին Էյր Արաբիան սպասարկել է ավելի քան 12,8 միլիոն ուղեւորի ԱՄԷ-ում, Մարոկկոյում, Եգիպտոսում, Հայաստանում եւ Պակիստանում գործող ընկերությունների միջոցով:
Ուղեւորահոսքի աճը կազմել է 90%։
«Air Arabia-ի 2022 թվականի ռեկորդային շահութաբերությունը լավագույնն է ընկերության պատմության մեջ: Չնայած 2022 թվականը շարունակում էր լինել մարտահրավերներով լի՝ ավիացիոն ոլորտը սկսել է վերադառնալ բնականոն հուն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պահանջարկի անկումից հետո», – ասել է Air Arabia-ի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամմադ Ալ Թանին:
«2022 թվականին Air Arabia Group-ը պահպանել է կայուն աճը՝ ընդլայնելով իր ավիապարկը եւ ավելացնելով նոր երթուղիներ իր գլոբալ ցանցում, ինչպես նաեւ գործարկելով համատեղ ավիաընկերություններ Հայաստանում եւ Պակիստանում», – ավելացրել է նա: