Financial Times․ Սաուդյան Արաբիան արդարացրել է նավթի արդյունահանումը կրճատելու որոշումը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը պաշտպանել է թագավորության որոշումը՝ երկարաձգելու նավթի արդյունահանման կրճատումները՝ նշելով, որ այդ քայլը չի եղել գները բարձրացնելու փորձ։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը։

Էր Ռիադը և Մոսկվան այս ամսվա սկզբին հայտարարել էին, որ նավթարդյունահանման և արտահանման ծավալների կրճատումը կպահպանեն մինչև 2023 թ․վերջը։ Այդ հայտարարությունից հետո Brent նավթի գինն աճել է ավելի քան 6 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց գրեթե 95 ԱՄՆ դոլարի, ինչը ռեկորդային է այս տարվա համար։

«Խոսքը ոչ թե գների բարձրացման, այլ որոշումների ընդունման մասին է, որոնք ճիշտ են` ելնելով առկա տվյալներից»,– հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը Կանադայի Կալգարի քաղաքում կայացած Նավթի համաշխարհային կոնգրեսում:

Նախարարն առաջվա պես ակնհայտ չի համարում համաշխարհային տնտեսության վերականգնումը, որը զարկ է տվել նավթի պահանջարկի աճի։

«Հարցն առաջվա պես այն է, թե ինչ տեղի կունենա Եվրոպայում աճի առումով: Հարցը նաև այն է, թե ինչ են անելու կենտրոնական բանկերը տոկոսադրույքների հետ և ինչպես իրեն կզգա ամերիկյան տնտեսությունն այն համատեքստում, ինչ տեղի է ունենում աշխարհում», – շարունակել է արքայազնը:

Նա նաև նշել է, որ վստահություն չկա Չինաստանում տիրող իրադրության նկատմամբ։

Աբդուլազիզ բեն Սալմանը նշել է, որ Սաուդյան Արաբիան կարող է անհրաժեշտության դեպքում արդյունահանման ծավալը կանոնավորել, սակայն «պետք է զգույշ լինել նման հարցերում»։

Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության՝ նավթի արդյունահանման կրճատումների պատճառով տարվա մնացած ամիսներին նավթի համաշխարհային շուկաները «զգալի դեֆիցիտ» կունենան։

ajax-loader