Ferrari-ն ԱՄՆ-ում սկսել է վճարումներ ընդունել կրիպտոարժույթով 

Իտալական Ferrari-ն ԱՄՆ-ում ներգրավել է թվային ակտիվները որպես վճարման եղանակ: Գործառույթը Եվրոպայում կհայտնվի 2024թ․ առաջին եռամսյակում, գրում է Reuters-ը։

Ferrari-ի կոմերցիոն և մարքեթինգ տնօրեն Էնրիկո Գալիերայի խոսքով՝ որոշումն ընդունվել է ի պատասխան դիլերների և հաճախորդների խնդրանքներին, որոնցից շատերը կրիպտոարժույթներ են օգտագործում:

«Նրանցից ոմանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց կարողությունը կառուցել են թվային ակտիվների վրա: Մյուսները ավելի ավանդական ներդրողներ են, ովքեր ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելները», – նշել է նա:

Ferrari-ն համագործակցության մեջ է մտել BitPay պրոցեսինգային ծառայության հետ, որը ստացված ակտիվները կվերափոխի ազգային արժույթների։ Սկզբնական փուլում ընկերությունն կընդունի  Bitcoin, Ethereum և USDC սթեյբլքոյն:

«Սա կօգնի մեզ հասնել այն մարդկանց, ովքեր անպայմանորեն մեր հաճախորդները չեն, բայց կարող են իրենց թույլ տալ Ferrari: Գները չեն փոխվի, չեն լինի նաև միջնորդավճարներ կամ հավելավճարներ կրիպտոարժույթներով վճարելիս», – նշել է Գալիերան:

2023թ. առաջին կիսամյակում Ferrari-ն ավելի քան 1800 ավտոմեքենա է մատակարարել Հյուսիսային Ամերիկային: Ընկերությունը չի հստակեցրել, թե քանի մեքենա են նախատեսում վաճառել կրիպտոարժույթով։

ajax-loader