COP28-ին ընդառաջ․ Հայաստանն ամփոփում է գործողությունների արդյունքը

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված COP28 համաժողովին ընդառաջ Երևանում մեկնարկել է գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերի արդյունավետության և շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանն ուղղված  աշխատաժողովը: 

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովն (COP-28) անցկացվելու է  2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայաստանն իր խոցելի լեռնային էկոհամակարգերով արդեն բախվել է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը՝ ներառյալ ջրային ռեսուրսների սակավության խնդրին: Հայաստանն արձանագրել է միջին ջերմաստիճանի 1.3 աստիճանով բարձրացում և տեղումների 9 տոկոս նվազում՝ դառնալով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից մեկը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով  ներկաներին, նշեց, որ Հայաստանը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի այն հիմնված է կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի է երկրի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների հետ։

«Կառավարությունը կարևորում է միջազգային գործընկերների հետ կլիմայական, ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ պարբերական խորհրդակցությունները։  Այս ձևաչափով անցկացվող շահագրգիռ քննարկումները նպաստում են համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը»,- ընդգծեց նախարարը:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին  նշեց, որ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության առաջնորդության ներքո հավաքվել են, որպեսզի  քննարկեն, թե ի՞նչ առաջընթաց է արձանագրել Հայաստանը՝ կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո ստանձնած հանձնառությունների կատարման շրջանակներում:  

«Հայաստանը ստանձնել է հանձնառություն՝ մինչև 2030 թվականը կիսով չափ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Այսօր ծավալվել է հենց այդ թիրախին հասնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների քննարկում և նույնը արվելու է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ)  COP-28 համաժողովի շրջանակներում՝ ավելի քան 200 երկրների պատվիրակությունների ընդգրկմամբ»,-նշեց Նացվլիշվիլին:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը կարևորեց Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնոր և աջակցող գործընկերների հետ պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները, որոնք ապահովում են երկխոսության հարթակ՝ նպաստելով համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը։

«2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության կողմից կազմակերպված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) COP-28 համաժողովին ընդառաջ կազմակերպչական թիմը ութ ամիսների ընթացքում ճամփորդել է տարբեր երկրներ, հավաքել և արձանագրել է այս հարցի շուրջ բոլոր կարծիքները, որոնք  փորձելու են արտացոլել առաջիկա համաժողովի օրակարգում»,-ասաց Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը:

Դեսպանի կարծիքով՝ Հայաստանը կլիմայի փոփոխության դեմ պայքարում բավականաչափ լավ աշխատանքներ է իրականացնում՝ ընդգծելով, որ նոյեմբերին սպասվող համաժողովը լավ հնարավորություն է քայլեր ձեռնարկելու կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև համագործակցություն ծավալելու և ապագայում իրականացնելու ուղղությամբ:    

Կլիմայի փոփոխության դեմ միջազգային հանրության պայքարում իր «ներդրումը» կատարելու համար՝ մասնավորապես զսպել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը մինչև 2 °C և ջանքեր գործադրել ջերմաստիճանի աճը 1.5°C-ից չգերազանցելու ուղղությամբ, 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)։ Հիմնվելով բազմակողմ շահագրգիռ խորհրդակցությունների վրա, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ, որն է 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ։ 2030 թվականի թիրախն իրենից ներկայացնում է հավակնոտ նպատակ, ինչը հնարավոր է դարձել երկրում վերականգնվող և մաքուր էներգետիկայի զարգացման շնորհիվ: Մինչդեռ հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար: Կառավարության կողմից 2021 թվականի մայիսի 13-ին հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը» ուղղորդում է ջանքերը՝միտված ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում հարմարվողականության ինտեգրմանը։

ajax-loader