Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։
Ինչպես տեղեկանում է BBC-ին, իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդները մինչև նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն արդեն նոյեմբերի 23-ին։
Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ըստ նախատեսված համաձայնագրի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 50 իսրայելցիներ պետք է փոխանակվեին Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի կանանց և դեռահասների հետ։ Բացի այդ, պետք է լիներ քառօրյա հրադադար, և Գազայի հատված պետք է մուտք գործեր հումանիտար օգնություն։
Իսրայելի կառավարության աղբյուրներից մեկը BBC-ին հայտնել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը 10։00-ին, նույնպես հետաձգվել է։
Նոյեմբերի 22-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բոլոր ջանքերն ուղղված են ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակմանը։ Նա հավելել է, որ հրադադարի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը «կպատրաստվի պատերազմի շարունակմանը»։
Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14 500-ը։ Նրանց թվում կա շուրջ 6000 երեխա։