Anglo Asian Mining-ն ակնկալում է ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը

Բրիտանական Anglo Asian Mining (ААМ) ընկերությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը Ղարաբաղում՝ ակնկալելով Ադրբեջանի իշխանություններից ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը, որը սեպտեմբերի 20-ից հետո անցել է Բաքվի վերահսկողության ներքո: Այդ մասին հայտնում է banks.am

Anglo Asian Mining հայտարարել է, որ լեռնահանքային համալիրի ոսկու եւ պղնձամոլիբդենային հանքերը գտնվում են իրենց «պայմանագրային տարածքներում»:

Կաշենի հանքը շահագործում էր «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։

Hetq.am-ը 2020թ. դեկտեմբերին գրում էր, որ ժամանակին «Բեյզ Մեթըլս» շահագործում էր նաև Կաշենից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, որի պաշարների սպառվելուց հետո ձեռնամուխ էր եղել Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցմանը։

«Բեյզ Մեթըլս»-ը Դրմբոնի հանքավայրը շահագործել էր 2002 թվականից, որից 10 տարի անց հանքային պաշարները սպառվել էին։  

Կաշենի լեռնահանքային համալիրը կառուցելու համար «Վալլեքսը»  ներդրել էր շուրջ $ 250 մլն։

ajax-loader