Կապանի գլխավոր և մայր ձեռնարկությունը՝ զարգացման ու արդիականացման ճանապարհով

Հանքագործի և մետալուրգի օրվա նախօրեին հարցազրույց ունեցանք «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի հետ։

– Պարոն Դանիելյան, «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել եք վերջերս, և այդ կարգավիճակում առաջին անգամ ենք հանդիպում։ Ուստի և՝ ընդունեք մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքները պատասխանատու այդ գործում։ Համաձայնվեք՝ զբաղեցրած բարձր և պատասխանատու պաշտոնով նոր դեմք եք հանքարդյունաբերության ոլորտում, Սյունիքի մարզի տնտեսական վերնախավում։ Ասել է թե՝ ողջամիտ կլիներ, որ զրույցը սկսեինք Ձեր կենսագրությանը կամ անցած ճանապարհին (համառոտ) ծանոթանալով։

– Շնորհակալ եմ շնորհավորանքի և մեր ընկերության գործունեությամբ հետաքրքրվելու համար:

Ծնվել եմ Կապանում՝ 1978 թվականին, ավարտել եմ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1995 թ. ընդունվել եմ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարան։ 1999 թվականին «Ընդերքաբանական ճարտարագիտություն» մասնագիտությամբ ավարտել եմ բակալավրիատը։  Նույն թվականին զորակոչվել եմ պարտադիր զինծառայության, զորացրվել եմ 2001 թվականին: 2002 թվականին տեղափոխվել եմ Երևան՝ աշխատել ադամանդագործության ոլորտում մինչև 2004 թվականը, այնուհետև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ մինչև 2018 թվականը: 2019 թ. աշխատել եմ «Վանդ-ՍԱ» ՍՊԸ-ում՝ տնօրենի օգնական՝ կոմերցիոն գծով: 2020 թվականից՝ «Ապառաժ» ՍՊԸ-ում՝ կոմերցիոն գծով փոխտնօրեն, այնուհետև՝ 2023 թվականից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի կոմերցիոն տնօրենի օգնական, 2025-ի տարեսկզբից՝ գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական, ապրիլի 15-ից՝ գլխավոր տնօրեն:

– Ընկերության բաժնետոմսերը 2023 թ․ ձեռք բերեց հայաստանյան «Գոլդ Մայնինգ Քամփնի» ՍՊ ընկերությունը։ Կուզենայինք համառոտ տեղեկություններ ստանալ առ այն, թե մոտ երկու տարվա ընթացքում արմատական կամ սկզբունքային ի՞նչ փոփոխություններ կատարվեցին և ուշագրավ ի՞նչ հաջողություններ գրանցվեցին ընկերությունում։

– Կոմբինատը մասնավորեցումից հետո շատ սեփականատերեր է փոխել։ Սեփականատիրոջից սեփականատեր անցման փուլերը տևում էին մինչև հինգ տարի։ Այդքան փոքրացել էր նաև կոմբինատի պլանավորման հորիզոնը. ավելի երկարաժամկետ հեռանկարի վերաբերող զարգացումները դուրս էին մնացել սեփականատերերի տեսադաշտից։ Սեփականատիրոջ վերջին փոփոխությունը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից. այս անգամ սեփականատիրոջ կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, ավելի կոնկրետ՝ ՀՀ Սյունիքի մարզը։ Կոմբինատի գործունեության պլանավորման հորիզոնն այլևս հաշվարկվում է տասնամյակների կտրվածքով՝ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական զարգացումն ու շահութաբերությունը համադրելով Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կյանքում մասնակցության, սեփականատիրոջ բարի համբավի և գործարար հեղինակության հետ։ Կոմբինատի նոր գործելակերպի առաջին ազդակը մեր բիզնես-հանրությանը՝ պարտքերի մեջ խրված տնտեսավարողի կերպարից ձերբազատվելն էր։ Կոմբինատը հիմնական մասով լուծել է նախորդ սեփականատիրոջից ժառանգած պարտքային բեռի հարցը և շատ ավելի պարտաճանաչ գործընկեր է դարձել մատակարարների ու այլ համագործակցողների համար: Շինարարական, վերանորոգման, կահավորման և այլ աշխատանքներ են իրականացվել՝ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ, քանի որ նոր սեփականատիրոջ համար մարդիկ պարզապես աշխատուժ չեն։ Մեր բոլոր աշխատողներին՝ գործնականում, ճանաչում ենք անձամբ, գիտենք՝ ով ինչ ճանապարհ է անցել, գիտենք նրանց ընտանիքի անդամներին: Սա սկզբունքորեն այլ իրավիճակ է, էապես տարբերվում է այն մոտեցումից, երբ կապանցին պարզապես տեղաբնակ աշխատուժ էր սեփականատիրոջ համար։  

Բարեփոխումներ իրականացվել են բոլոր ոլորտներում՝ թե՛ մեխանիկական, թե՛ տեխնոլոգիական, թե՛ աշխատանքի անվտանգության… Մասնավորապես՝ ծայրահեղ ռիսկային և գործնականում առանց հուսալիություն պահանջվող նվազագույն պաշարի էր գործում կոմբինատի էներգասնուցման համակարգը։ Այդ ուղղությամբ մեր ներդրումները, կարելի է ասել, ոչ միայն շարունակականության ապահովման, այլ ուղղակի վթարականխիչ նշանակություն ունեին։ Դա վերը նկարագրված կարճաժամկետ պլանավորման ամենավառ դրսևորումն էր, երբ տևական ժամանակ անհրաժեշտ նվազագույն կապիտալ ծախսերը չէին արվել։ Ուշադրության կենտրոնում նաև կոմպրեսորային տնտեսության արդիականացումը և ընդլայնումն է, որը կիրականացվի ընթացիկ տարում, այն կունենա ավելի փոքր էներգածախս, ավելի բարձր արդյունավետություն։

– Ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը՝ տնտեսական տեսակետից՝ հանքաքարի արդյունահանման և մշակման ծավալներ, թողարկող արտադրանք ու կարևոր այլ ցուցանիշներ։

– Կոմբինատը տարեկան վերամշակում է մոտ 600 հազար տոննա հանքաքար՝ արտադրելով խտանյութեր, որոնք պարունակում են ոսկի, պղինձ, ցինկ և արծաթ։ Արդյունքներն ավելի չափելի են դառնում համեմատության մեջ: 2023 թ. սեպտեմբերի դրությամբ (այդ տարում) արտադրվել է 9704 տոննա ոսկու խտանյութ, 2024 թ. սեպտեմբերի դրությամբ այդ թիվը դարձել է 13396 տոննա, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 38 տոկոս աճ: Ցինկի խտանյութի վերաբերյալ․ 2023 թ. ունեցել ենք 8175 տոննա խտանյութ, 2024-ին՝ 10675 տոննա, 30 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ՝ խտանյութի արտադրության 34 տոկոս աճ ենք ունեցել:

– Աշխարհաքաղաքական փոփոխվող և անորոշ վիճակում մեր հանրապետության տնտեսվարողները բախվում են բազմաթիվ խնդիրների։ Կարողանո՞ւմ եք հաղթահարել այդ դժվարությունները և մատակարարումների ու առաքումների հարցում անխափանություն ապահովել։

– Դա մեզ ոչ միայն չի կաշկանդում, այլև դրդում է ավելի հզորանալու։ Կապանցիներին լավ հայտնի փաստ է, որ կոմբինատը նախագծվել և կառուցվել է ոչ թե 600 հազար տ/տ հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ, այլ՝ մեկ միլիոն տոննա։ Այսինքն՝ կոմբինատն այսօր աշխատում է իր դրվածքային հզորության ընդամենը 60 տոկոսով։ Այդ ազատ արտադրական հզորության ծանրաբեռնումը ներկայումս մեր առաջնահերթ խնդիրներից է։ Մենք համագործակցում ենք Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործող «Լիճքվազ» ՓԲ ընկերության հետ, և ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում վերամշակում ենք նաև այդ հանքավայրից արդյունահանվող հանքաքարը։ Իրատեսական հնարավորություն ունենք ավելացնելու Շահումյանի հանքավայրից արդյունահանման ծավալները։ Այդ ամենն իրականացնելու և լիարժեք արտադրողականությամբ գործելու համար անհրաժեշտ է, որ հանվի կոմբինատի գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքներով կազմված եզրակացության մեջ ամրագրված տարեկան 600 հազար տ հանքաքարի վերամշակման սահմանափակումը։ Մեր պատվերով կատարվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում, կազմվել է Գեղանուշի պոչամբարի անվտանգության բարձրացման և շահագործման ժամկետի ավելացման նախագիծ, որոնք առաջիկայում ներկայացվելու են փորձաքննության։ Ամեն ինչ արվելու է կապանցիների լայն ներգրավմամբ, կապանցիների հետ երկխոսության և կապանցիների ձայնը հաշվի առնելու պայմաններում։

– Հանքարդյունաբերության ոլորտում վճռորոշ նշանակություն ունեն մետաղների գները միջազգային շուկայում։ Որքանո՞վ են նպաստավոր մետաղների գները ներկայումս։

– Մետաղների բորսայում գների աճը կամ նվազումն ուղղակիորեն անդրադառնում են հանքարդյունաբերական բոլոր ձեռնարկությունների վրա։ Դա մեր արտադրանքի շուկայի և մեր տնտեսական ցուցանիշների տեսանկյունից վճռորոշ գործոնն է։ 2023 թվականից ի վեր  արձանագրվել է բորսայական գների էական աճ, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի մեծ հաջողությամբ կյանքի կոչել մեր ծրագրերը, լուծել ընկերության առջև ծառացած խնդիրները։ Սակայն ցանկացած գնի բարձրացման պայմաններում ոլորտի ձեռնարկությունները պարտավոր են հիշել, որ ոչինչ չի երաշխավորում այդ գների տևական կայունությունը։ Հետևաբար՝ միշտ պետք է ունենալ կայունության բարձիկ, որը թույլ կտա կանխատեսումներից դուրս իրավիճակներում հայտնվելիս պահպանել աշխատատեղերն ու չհայտնվել անդունդի եզրին։

– Ընկերության դերակատարությունը մեր պետական բյուջեի համալրման գործում։ Փորձեք համեմատություններ անել ըստ տարիների վճարված հարկերի միջև:

– Կոմբինատը կայուն տեղ ունի ՀՀ խոշոր հարկատուների հրապարակվող ցանկերում։ Նոր սեփականատիրոջ կառավարման արդյունքները՝ նաև այդ ցանկերում կոմբինատի տեղի բարելավման առումով բավականին զգալի են։ Այսպես՝ 2023 թ. հարկային հաշվարկները կազմել են 1 միլիարդ 600 միլիոն դրամ, 2024-ին՝ 7 միլիարդ 888 միլիոն դրամ: Միևնույն ժամանակ՝ ունենք աշխատավարձի բարձրացում՝ 11 տոկոսով:

– Վերջին՝ առնվազն երկու տասնամյակում Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում խնդիր էր դրված՝ անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի մի մասը (հնարավորության դեպքում) պատրաստել կամ ձեռք բերել տեղի տնտեսվարողների օգնությամբ։ Ի՞նչ վիճակ է այդ տեսակետից ընկերությունում:

– Բնականաբար, կոմբինատը չի կարող ոչ ռացիոնալ զոհաբերությունների գնալ իր սպառած ապրանքների գնի և որակի չափանիշների հաշվին որևէ արտադրողի նախապատվություն տալու առումով։ Սակայն տեղական արտադրողների հետ համագործակցության համատեքստում ձգտում ենք դրսևորել առավելագույն ճկունություն, որոշ դեպքերում ժամանակավորապես հանդուրժում բաներ, որոնք ներկրման դեպքում չէինք հանդուրժի, մեղմացնում մեր մոտեցումները։ Բայց դա միայն ժամանակավոր։ Նոր–նոր ասպարեզ եկող տնտեսվարողներ կան, որոնք խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս և հուսադրում, որ կկարողանան որոշ ներկրման տողեր մեր մատակարարումների ցուցակում փոխարինել տեղական ձեռք բերումներով։ Տեղական արտադրողը նաև առավելություն ունի լոգիստիկ ծախսերի, մաքսային ու այլ տեսանկյուններից։ Օրինակ, աշխատանքային արտահագուստը ներկայում ձեռք ենք բերում Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայից և Հայաստանի կույրերի միավորման Կապանի ուսումնաարտադրական միավորումից։ Կոմբինատը բաց է համագործակցության համար և հետևողական է՝ իր ձեռք բերած ապրանքների որակական չափորոշիչների հարցում։

– Կապան քաղաքի երկրորդ վերածնունդը պայմանավորված է եղել լեռնահարստացման կոմբինատով, ասել է՝ քաղաքաստեղծ ձեռնարկություն է Կապանի ԼՀԿ-ն։ Այսօր էլ համայնքի բնականոն զարգացումը պայմանավորված է կոմբինատով։ Ինչպե՞ս եք գնահատում կոմբինատ–համայնք համագործակցությունը։ Ուշագրավ ի՞նչ ծրագրեր եք իրականացրել համայնքում և ի՞նչ մտադրություններ ունեք առաջիկա ժամանակաշրջանի համար։

– Ճիշտ եք նկատում՝ կոմբինատը քաղաքաստեղծ ձեռնարկություն է։ Իսկ դա նշանակում է, որ ավանդաբար ծանրակշիռ մասնակցություն ենք ունեցել և ունենում համայնքային խնդիրների լուծմանը։ Ասել է թե՝ ինչպես կարևորում ենք կոմբինատի զարգացումը, այնպես էլ համայնքի զարգացումը: Համագործակցության պայմանագրեր կան: Համայնքին աջակցելու քաղաքականությունն իրականացվում է հատկապես «Ավետիս» բարեգործական հիմնադրամի միջոցով: 2024 թվականին համայնքին տրամադրել ենք 120-130 մլն դրամ, իսկ երբ պայմանագրերը թարմացվել են, այդ թիվն ընթացիկ տարում կկազմի 180 միլիոն դրամ: Միևնույն ժամանակ հովանավորել ենք «Զանգեզուր» ֆուտբոլային ակումբին, Սյունիքի շախմատի ֆեդերացիային: Առաջիկայում հուշագիր կստորագրենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ: Այդ հանգամանքը մեզ համար շատ անհրաժեշտ է, քանի որ կարևորում ենք կադրերի պատրաստումը: Կապանի մասնաճյուղի շրջանավարտների զգալի մասը մեր ընկերության վաղվա աշխատակիցն է: Առիթ է ևս մեկ անգամ ասելու՝ այդ կրթօջախի ուսանողը կարող է լիահույս լինել, որ վաղն ապահվված կլինի իր մասնագիտությանը համապատասխան աշխատանքով: Տասնյակ օրինակներ ունենք, որ մասնաճյուղի շրջանավարտներն արդեն իսկ աշխատում են մեր ընկերությունում։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում պոչամբարին առավել մոտ տեղակայված Գեղանուշ գյուղին. անվճար տրանսպորտ ենք հատկացրել, գյուղի մանկապարտեզի սաները և դպրոցի աշակերտները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են, ջանում ենք օգտակար լինել ամեն ինչով:

– Կապանը, խոստովանենք, բնապահպանական տեսակետից ռիսկային գոտի է շատ վաղուց… Ներկայիս սեփականատիրոջ և ընկերության ղեկավարության քաղաքականությունը բնապահպանության ոլորտում, շրջակա միջավայրը հնարավորինս անաղարտ պահելու ուղղությամբ։ Բնապահպանական ռիսկերը և դրանք կառավարելուն, մեղմելուն միտված քայլերը։

– Ընկերության բնապահպանական գործունեության առաջնահերթություններից են արտանետումների նվազեցումը և թափոնների կրճատումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումը և ներդրումը, ջերմոցային գազերի արտանետումների վերահսկումը: Իր գործունեության մեջ առաջնորդվելով շրջակա միջավայրի վրա հավանական բացասական ազդեցության նվազեցմանը միտված միջոցառումների կազմակերպմամբ՝ ձեռնարկության բնապահպանական բաժինն իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն:

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունում դեռևս 2018 թվականից ներդրված է ու արդյունավետ գործում է բնապահպանական մենեջմենթի համակարգը, որը ISO 14000:2015 միջազգային ստանդարտի պահանջներով հավատարմագրված է միջազգային «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից: Այն ապահովում է բնապահպանական ոլորտի շարունակական բարելավումը՝ ՀՀ բնապահպանական ոլորտի օրենսդրական պահանջների իրացմամբ, ինչպես նաև  միջազգային պահանջների համապատասխանելիության ապահովմամբ:

– Ընկերության ամենագլխավոր և ամենաթանկ կապիտալը, որքան հասկանում ենք, մարդկային ռեսուրսն է։ Մյուս կողմից՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը մարզկենտրոնի գլխավոր գործատուն է։ Որքա՞ն աշխատող ունի ընկերությունը ներկայումս։ Աշխատատեղերի ավելացման կամ նվազման հեռանկարը։ Ի՞նչ սկզբունքով կամ կարգով է կատարվում նոր աշխատողների ընդունելությունը, մասնագետների տեղական ռեսուրսը բավարարո՞ւմ է ընկերության պահանջները, թե՞ ստիպված եք լինում նաև կադրեր հրավիրել դրսից։

– Այս պահին կոմբինատում աշխատում է երկու հազար աշխատող՝ հինգ հարյուրով ավելի, քան 2023 թ. սեպտեմբերին: Եթե երկու հազարը բազմապատկենք երեքով կամ չորսով (նկատի ունեմ ընտանիքի անդամների միջին թիվը), կնշանակի ութ հազար մարդու կարիքներ ենք հոգում: Այս ամենով հանդերձ՝ ունենք նեղ մասնագետների կարիք: Նաև հավելեմ, որ աշխատանքով ապահովել ենք Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցներից շատերին, ովքեր կարճ ժամանակամիջոցում ինտեգրվեցին ընկերության գործունեությանը: Իսկ ընդհանրապես դրսից եկած մասնագետները շատ չեն, շեշտը դրվում է նախևառաջ տեղացի մասնագետների վրա: Այնուամենայնիվ, որոշ նեղ մասնագետների կարիք ունենք,  ուստի և ստիպված ենք լինում դրսից հրավիրել: Նեղ մասնագետների հարցը լուծում ենք նաև մեր կարող կադրերի վերապատրաստման միջոցով։

– Գաղտնիք չէ, որ Սյունիքը վերջին տարիներին հայտնվել է աշխարհաքաղաքական իրադարձությունների, ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում։ Արդյո՞ք այս պայմաններում Սյունիքը ռիսկային չէ ներդրումների համար, թե՞․․․

– Չեմ կարծում, որ Հայաստանի Սյունիքի մարզը ռիսկային է ներդրումների առումով կամ որևէ չափով ավելի ռիսկային է, քան մնացած մարզերը։ Ընկերության սեփականատիրոջ մոտեցումն այն է, որ եթե նույնիսկ որևէ ռիսկ կա էլ, այն չեզոքացնելու լավագույն ճանապարհը հենց ներդրումն ու տնտեսական հզորացումն է։ Անվտանգության մյուս պարամետրերն ածանցյալ են և կապահովվեն, եթե տնտեսապես հզորացնենք մեր երկիրը։ Ռիսկերը մեղմելու մեր ճանապարհը կոնկրետ գործելն է, համայնքը շենացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը, տարածաշրջանն ավելի գրավիչ դարձնելը, արտադրությունը վերազինելը, ինչով և զբաղվում ենք։

– Հանքագործների աշխատանքային պայմանները հատկապես ստորգետնյա հանքախորշերում․․․ Նախորդ տարիներին քանիցս խնդիրներ են ծագել օդափոխության, անվտանգության և մի շարք այլ հարցերի առումով, իսկ հիմա՞․․․

– Անվտանգ աշխատանքի պայմանների ապահովումը չափազանց կարևոր հարց է մեզ համար։ Դա վերաբերում է նաև ստորգետնյա հանքախորշին, որտեղ արմատական փոփոխություններ ենք կատարել։

Օդափոխությանն ու էներգամատակարմանն առնչվող բազմաթիվ հարցերի լուծում է տրվել։ Մասնավորապես ապահովված է օդափոխիչ սարքավորումների անխափան աշխատանքը։ Յուրաքանչյուր հերթափոխից առաջ, համապատասխան սարքերի միջոցով, ստուգվում է փոշու առկայությունն օդում, որից հետո միայն հերթափոխը մտնում է հանքախորշ։ Միևնույն ժամանակ՝ ստորգետնյա ջրցան մեքենաները կասեցնում են փոշու տարածումն ու ազդեցությունը։

– Քանի որ արծարծեցինք հանքագործների աշխատանքային պայմանների թեման, խոսենք նաև նրանց սոցիալական վիճակի, սոցիալական ու իրավական պաշտպանվածության մասին։

– Աշխատավարձերի բարձրացման մասին նշեցի: «Սյունյաց լեռնագործներ» արհեստակցական միությունն էլ աջակցում է բոլոր աշխատակիցներին: Հանքագործը կարող է իրեն հուզող յուրաքանչյուր հարցով՝ ընդհուպ կենցաղային, դիմել արհեստակցական միությանը և օպերատիվ արձագանք ստանալ:

Հուլիսի 1-ից ընկերությունում ներդրել ենք ապահովագրական համակարգ, որից կօգտվեն ոչ միայն աշխատակիցները, այլև նրանց ընտանիքի անդամները։

– Հանքարդյունաբերությունը, որքան հայտնի է, համաշխարհային տնտեսության մեջ ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Կարողանո՞ւմ եք քայլել հանքարդյունաբերության ոլորտի առաջավոր փորձին ու միտումներին համաչափ։ Նկատի ունենք և՛ տեխնիկայի արդիականացումը, և՛ կադրերի վերապատրաստումը, և՛ համաշխարհային փորձին հաղորդակցվելը։

– Մեզ համար առաջնային են մասնագետ կադրերի պատրաստումը և վերապատրաստումը: Որոշ մասնագիտությամբ աշխատողների համար անց է կացվում ատեստավորում: Ընկերությունում դրվածքն այսպիսին է՝ եթե աշխատողը ցանկություն ունի պաշտոնի առաջխաղացում ունենալ, ապա կարող է դրան հասնել իր բարձրորակ աշխատանքով, մասնագիտական վարպետության բարձրացմամբ:  Ձգտում ենք մասնակցել միջազգային տարբեր էքսպոների և լավագույն փորձը ներդնել մեր ընկերությունում, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ են վերապատրաստված աշխատակիցներ:

– «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ–ն հանրապետության խոշոր տնտեսվարողներից է։ Եվ, բնականաբար, չեն կարող չլինել թերություններ, բացթողումներ, որոնք Ձեզ անհանգստացնում կամ մտահոգում են։ Այդ մասին կուզենայինք իմանալ։

– Մտահոգություններ միշտ էլ կան, բայց երբ թիմը լավն է, երբ կոլեկտիվն առողջ է, երբ մասնագետները բարձրակարգ են ու սրտացավ, ապա բավականին նվազում են մտահոգությունները, ռիսկերը: Օգտվելով  առիթից, երախտագիտություն եմ հայտնում մեր կոլեկտիվին: Մեր կոլեկտիվն այսօր այլ բնութագրեր ունի, թիմային խնդիրներին շատ ավելի հոգատար և անձնվեր մոտեցում, շատ ավելի բարձր է կոլեկտիվի անդամների պատրաստակամությունը՝ փոխօգնության, խնդիրներն ընդհանուր ջանքերով ու արդյունավետ լուծելու հարցերում, կոլեկտիվից արմատախիլ են արվել մի շարք արատավոր երևույթներ, էապես բարելավվել է միջանձնային շփումների որակն ու ընդհանուր մթնոլորտը կոլեկտիվի ներսում։ Սա նույնպես ձեռագիր է՝ Սասուն Ավետիսյանի ձեռագիր։ Իսկ ծագող խնդիրները փորձում ենք լուծել ընտանեկան հոգատարությամբ և միասնական ջանքերով:

Ամփոփելով՝ սրտաբուխ շնորհավորանքս եմ հղում ընկերության բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ, յուրաքանչյուրին ցանկանում քաջառողջություն, հաջողություններ և, իհարկե,  երջանկություն։

Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին։

Աղբյուրը՝ syuniacyerkir

ajax-loader