ԶՊՄԿ-ից 107 միլիարդ դրամ է մուտք գործել պետբյուջե 11 ամսում

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է փոխանցվել նախորդ շաբաթ։

«Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որ արժի ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը նաև նշեց, որ այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկային մուտքերի դրական դինամիկա է նկատվում՝ նաև հաշվի առնելով միջազգային գները և վաճառքի ծավալները։

«Մենք արդեն քննարկել և որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման եւ թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, եւ հիմա կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ»,- եզրափակել է նա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որ ԶՊՄԿ-ն, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա:

ajax-loader