Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն ավանդույթի համաձայն մեկնարկեց մեծն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում հյուրընկալել է քսան ջութակահարի աշխարհի ավելի քան տասը երկրից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվում է 20-րդ անգամ և միտված է տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ու Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակմանը։ Այս տարիներին խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու հանդես են գալիս ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։
Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթին մասնակցում են ջութակահարներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, ՌԴ-ից, Նորվեգիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Պորտուգալիայից։ «Մասնակիցներն արդեն իրենց նվագացանկում ընդգրկել են Խաչատրյանի ստեղծագործություններն ու աշխարհի տարբեր բեմերում մրցույթից հետո նաև հանդես են գալու իրենց կատարումներով»,-նշեց Թովմասյանը:
Ըստ նրա՝ նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներն ավելի քաջածանոթ են Խաչատրյանի գործերին, սակայն վերջին տարիներին մրցույթին շատ են մասնակցում երաժիշտներ եվրոպական երկրներից: Թովմասյանը մեծ ուրախություն համարեց այն, որ ասիական երկրներից են ամեն տարի մասնակիցներ ունենում՝ Ճապոնիայից, Չինաստանից, Կորեայից:
Երաժշտական ստուգատեսը տեղի կունենա 3 փուլով։ Առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-12-ին։ Հունիսի 13-ին կայանալիք գալահամերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։ Առաջին մրցանակակիրը կստանա տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամական պարգև‚ 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգևատրվի 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ 3-րդ մրցանակակիրը կարժանանա 3 հազար դոլար մրցանակի։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ։
Մրցույթի ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մասնակիցները սովորում և իրենց նվագացանկում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի գործերը։ Երրորդ փուլում մասնակիցները ժյուրիի առջև հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը շնորհավորեց բոլորին Խաչատրյանի ծննդյան կապակցությամբ: «Մրցույթը տարեցտարի ավելի բարձրակարգ է դառնում, մասնակիցների թիվն ավելանում է, տեսնում ենք, որ հետաքրքրություն կա դասական երաժշտության հանդեպ: Մեզ համար կարևոր է այն, որ աշխարհում ութ հազարից ավելի երաժիշտ կատարում է Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչը մեծ հաջողություն է. եթե Խաչատրյանը հանճարեղ չլիներ, այդպես չէր լինի: Մրցույթն այս գործում մեծ դեր է կատարում, քանի որ մասնակիցները երրորդ փուլում պարտադիր Խաչատրյան են նվագում»,-ընդգծեց Սմբատյանն ու հավելեց՝ մրցույթը հաջողություններ է գրանցում, քանի որ ներկայացնում է բարձր արվեստը: