Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերածների թիվը գերազանցում է 1 100-ը։ Այդ մասին Ազգային ժողովում՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը նշել է, որ նրանցից 660-ը արդեն ստացել է համապատասխան վարկերը։
«Տների եւ բնակարանների մի մասն արդեն պատրաստ է։ Այնտեղ մարդիկ ապրում են։ Շինարարական աշխատանքները մյուսներում շարունակվում են»,- ասել է Մկրտչյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիներին հավասար, կարող են դառնալ բնակարանային ծրագրի շահառուներ, որն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերում պետության աջակցությամբ։ Պետական ծրագիրն իրականացվում է միայն սահմանամերձ գյուղերում։ Այն կշարունակվի մինչեւ 2024թ. վերջ։ Դրանից կարող են օգտվել սակավունեւոր ընտանիքները։
Ցանկացողները պետք է կամ ձեռք բերեն, կամ արդեն լինեն հողակտորի սեփականատեր 80 բնակավայրերից մեկում, ինչպես նաեւ ներկայացնեն հայտ, ստանան թույլտվություն եւ դիմեն հինգ բանկերից մեկին՝ վարկ ստանալու համար։ Պետական աջակցությունը կցուցաբերվի միայն մասնավոր տան կառուցման եւ հիպոտեկային վարկավորման դեպքում։ Սուբսիդիաներ կտրվեն բացառապես ամենամսյա վճարումների համար, ինչպես վարկի հիմնական գումարը, այնպես էլ տոկոսները մարելու համար։ Իսկ աջակցության ընդհանուր գումարը կազմում է 16 մլն դրամ։