Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն ավելի շուտ, քան սպասվում էր: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Մի քանի օր առաջ այցելություն էինք կազմակերպել Նուբարաշենի աղբավայր: Շատ ակտիվ հողալցման աշխատանքներ ենք իրականացնում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մասնավոր ընկերությունների ռեսուրսը օգտագործելով: Մենք կարծում էինք, որ մոտ մեկ շաբաթ կտևեն աշխատանքները, բայց, վստահաբար, ավելի շուտ կմարի»,- նշեց նա:

Ավինյանի խոսքով՝ դա խնդիր է, որն ամեն տարի կրկնվում է, սակայն գտել են լուծման ձևը: «Խոսքը նոր աղբավայրի կառուցման մասին է: Ծրագիրն արդեն կա, ֆինանսավորումը ևս կա, նախագծման մրցույթը շուտով դրվելու է»,- եզրափակեց Ավինյանը:

Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում: Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով: Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական միջոցներով:

ajax-loader