Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. գործը դատարանում է

Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն և Դ.Շ.-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ նպատակով վարձակալել են առանձնատուն, պայմանավորվածություններ են ձեռք բերել պետական գրանցում ունեցող ու լիզենզավորված խաղատների խաղավարներ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի հետ և մասնակիցներին վաճառել 1000, 5000 և 25 հազար դրամին համարժեք խաղաքարեր՝ խաղադրույք կատարելու նպատակով: Յուրաքանչյուր շահած գումարից Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի կողմից՝ հօգուտ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի, խաղաքարերի տեսքով գանձվել է 5 տոկոս գումար, որը 1 ժամում միջինում կազմել է 30-40 հազար դրամ (խաղերը տևել են օրական նվազագույնը 5-6 ժամ):

Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Դատախազի 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելը և օժանդակելը):

Մեկ այլ քրեական վարույթով պարզվել է, որ որ Հ.Մ.-ն 2021 թվականի ընթացքում Սայաթ-Նովա պողոտայում վարձակալել է ակումբի փոքր և մեծ առանձնասենյակներ, որտեղ առկա են եղել թղթախաղերի, այդ թվում նաև՝ «Պոկեր» տեսակի կենդանի խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղաններ:

Նույն նպատակով Հ.Մ.-ն Կոտայքի մարզի Քասախ համայնքում Պ.Պ.-ից 4000 դրամ ժամավճարով պարբերաբար վարձակալել է առանձնատուն, որտեղ Պ.Պ.-ն տեղադրել է թղթախաղերի, այդ թվում՝ նաև «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղան, խաղաքարտեր, խաղաքարեր, հավաքագրել է մասնակիցներ և իրականացրել շահումով խաղեր: Նույն հասցեի առանձնատանը շահումով խաղեր է կազմակերպել և իրականացրել նաև Հ.Ս.-ն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի գույքային վնաս:

Դատախազի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Պ.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, խաղավարներ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հ.Ս.-ի նկատմամբ՝ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մեկ այլ վարույթով հիմնավորվել է, որ Հ.Կ.-ն, 2021 թվականի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկի հասարակական նշանակության տարածքում, նույն քաղաքում գործող ռեստորանի տարածքում գտնվող սենյակում, ինչպես նաև համակարգչային խաղերի և ժամանցային ակումբի սրահում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, պարբերաբար կազմակերպել և վարել է «Պոկեր» տեսակի շահումով խաղ և ստացել շահույթ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 16 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Նույն վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ա.Կ.-ն օժանդակել է Հ.Կ.-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելուն և իրականացնելուն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Դատախազի 2023 թվականի մայիսի 10-ի որոշումներով՝ Հ.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականի ընդունված Քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ օժանդակություն):

Քննչական կոմիտեում իրականացված մեկ այլ վարույթով պարզվել է, որ Գ.Թ.-ն շահույթ ստանալու նպատակով, խաղավար Մ.Մ.-ի օժանդակությամբ, առանց պետական գրանցման և լիցենզիայի, կազմակերպել է լիցենզավորման ենթակա՝ «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Գ.Թ.-ն, 2021 թվականի մարտից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, «Պոկեր» տեսակի կենդանի խաղ անցկացնելու համար նախատեսված անհրաժեշտ գույքով կահավորված իր բնակարանում և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող սրճարանի կողմից ժամավճարով վարձակալության տրամադրված առանձնասենյակում կազմակերպել և իրականացրել է «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Դատախազի 2023 թվականի ապրիլի 27-ի որոշումներով՝ Գ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader