Բերքաբերի մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերվող հարցին։

«Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է և վարչապետի կողմից, և մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Բոլորս գիտենք, որևէ բան գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է։ Կոնկրետ անկլավների մասով բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում, երբ ինչ-որ բան լինի, հանրությունը տեղյակ կպահվի»,- ասաց Տավուշի մարզպետը։

Հարցին, թե արդյոք կա՞ն անկլավներ, որոնք պետք է հանձնվեն Ադբրեջանի, Հայկ Ղալումյանը պատասխանեց․

«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը նրանք ունեն նաև Տավուշի մարզում և Հայաստանի Հանրապետության այլ հատվածներում։ Այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Տավուշի մարզպետը։

Նրա խոսքով՝ կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ․ այդ հարցերը պետք է խաղաղության պայմանագրի շրջանակներում լուծվեն։

«Միայն կարող եմ նշել, որ Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց Տավուշի մարզպետը։

ajax-loader