Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի թեմայով բանակցություններում ըմբռնման որոշակի փոփոխություն կա: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ուրախությամբ ընդգծեմ, որ այդ թեմայով էլ, կարծես թե, ըմբռնման որոշակի փոփոխություն կա»,- ասաց Փաշինյանը:
Ընդ որում, բանակցային գործընթացի ընթացքում երաշխավորի ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ ևս առաջարկվել են:
Վարչապետն ընդգծեց, որ երաշխավոր լինելն այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ և առաջ, շատ մեծ պատասխանատվություն է, որը կարող է երկրների համար և հնարավորություններ, և ռիսկեր առաջացնել, և կարող է հեղինակությունը բարձրացնել, և դրան լրջորեն վնասել:
«Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով ուզում են այդ դերը ստանձնել: Բայց միևնույն ժամանակ, եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև իսկապես անկեղծ ցանկություն կա՝ տևական խաղաղություն հաստատելու, ես կարծում եմ, որ կլինեն երկրներ ու կազմակերպություններ՝ սկսած առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ-ի ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»,- վարչապետը:
Վաշինգտոնի բանակցությունների ամենակարևոր արձանագրումը վարչապետը համարեց այն, որ կողմերը X պահից սկսել են միմյանց հետ հաղորդակցվել ավելի ուղիղ և բաց՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները, դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը:
«Շատ նրբություններ են ի հայտ եկել, որոնք նախկինում կողմերին գուցե այդքան տեսանելի չէին կամ, համենայն դեպս, արձանագրված չէր: Վաշինգտոնի բանակցությունների ամենամեծ առանձնահատկությունը համարում եմ խոսակցության ոճը, շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել: Բանակցություններում հաճախ նախադասությունները թաքնված իմաստներ շատ են պարունակում, և երբեմն հեշտ չէ կռահել: Մի ինչ-որ պահի այդ թաքնված իմաստները սկսել են ավելի քիչ լինել և խոսակցությունները փոխադարձաբար եղել են ավելի հասկանալի: Համենայն դեպս, մեր տպավորությունն է այդպես»,- ասաց Փաշինյանը: