ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից էսկալացիոն շարունակվող քաղաքականության ու Բրյուսելում մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է համարում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը: Փաշինյանն այդ մասին ընդգծեց կառավարության նիստում իր ելույթում:
«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին: Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ, ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումն ու սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,-ասաց Փաշինյանը:
Նա Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում համարեց, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը: Հայկական կողմն այս թեման քննարկում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ: