Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած սահմանափակումներին. Պուտին

Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությունում։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Չնայած արտաքին առևտրի բնագավառում արգելքներին, Ռուսաստանը կարողացավ անցյալ տարի ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը հասցնել 41,6 միլիարդ դոլարի»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ «աճը բավական լավ է»։

Պուտինի խոսքով՝ ինչպես և նախկինում, Ռուսաստանի Դաշնությունը գյուղատնտեսական արտադրանքի առանցքային մատակարարներից մեկն է աշխարհում և իրեն դրսևորել է որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր։

«Հենց այդպես մենք կգործենք նաև այսուհետև: Սպասվում է, որ 2022-2023 գյուղատնտեսական տարվա արդյունքներով հացահատիկի արտահանումը կկազմի մոտ 55-60 մլն տոննա»,- հավելել է ՌԴ նախագահը:

ajax-loader