Սոթքում վիրավորված բուժակի վիճակը գնահատվում է բավարար․ ՔԿ

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայողը, ոչը ստացված վնասվածքից հետագայում մահացել է:

Ադրբեջանական զինված ուժերը նաև թիրախային կրակահերթեր են արձակել վիրավոր զինծառայողին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նույն մարտական դիրք մեկնած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով դաստակի շրջանում վնասվածք է ստացել նույն զորամասի բուժակը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին լիարժեք իրավական գնահատականներ տալու նպատակով։

ajax-loader