Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
«Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։
Նրա խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման նպատակով մեկնարկել է կամավոր ատեստավորման համար դիմողների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը: Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
«Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով»,- ասաց փոխնախարարը:
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին և ունենալ հավելավճար ստանալու հնարավորություն: