Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա:
Հարցը, որը ծագում է այս համատեքստում հետևյալն է․ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ինչու՞ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառանալիքի կիրառումից։ Ադրբեջանը այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները և ընդհանրապես դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»,- ասաց Փաշինյանը։