Պարենի համաշխարհային գներն այս տարի առաջին անգամ աճել են

Պարենի համաշխարհային գներն ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ աճել են շաքարի, մսի և բրնձի գնանշումների բարձրացման պատճառով։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

Պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին կազմել է 127,2 կետ, ինչը 0,6%-ով ավելի բարձր է, քան մարտ ամսին։ Ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի ապրիլի մակարդակից, բայց 5,2%-ով ավելի բարձր է, քան 2021 թվականի ապրիլին։

Շաքարի գների ինդեքսը մարտի համեմատությամբ ավելացել է 17.6 %-ով՝ հասնելով առավելագույն ցուցանիշին 2011 թվականի օգոստոսից ի վեր: Պատճառը Հնդկաստանում, Չինաստանում, Թայլանդում և Եվրոպական Միությունում ակնկալվող արտադրության կրճատումներն են:

Մսի գների ինդեքսն ապրիլին ավելացել է 1.3 %-ով: Միևնույն ժամանակ, հացահատիկի գների ինդեքսի ընդհանուր նվազում է դիտվել՝ մարտ ամսվա համեմատությամբ 1,7 %-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատությամբ ՝19.8 %-ով: Բուսական յուղի գների ինդեքսն ապրիլին նվազել է 1.3 %-ով: Ձեթի գների նվազում է դիտվում արդեն 5 ամիս շարունակ:

ajax-loader