Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում:
Այդ մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 803 կմ ճանապարհ»,-ասաց Սանոսյանը:
556 կմ–ն ամբողջությամբ պետական բյուջեից իրականացված ծրագրերն են: 556–ից 501–ն ամբողջությամբ արված, ավարտված աշխատանքներն են: Դեռևս կան 55 կմ ճանապարհի աշխատանքներ, տեղադրված են առաջին կամ երկրորդ շերտը, բացակայում է վերջնական շերտը:
«Դա արել ենք մի պարզ պատճառով. արդեն նոյեմբեր կամ դեկտեմբերն էր: Չենք ցանկացել, որ որակի հետ կապված խնդիր լինի: Շինարարին ասել ենք, որ հաջորդ տարի վերջին շերտը կտեղադրենք»,–ասաց նախարարը։
Կատարվել են նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքներ, 210 կմ ասֆալտապատում և 38 կմ սալարկում: