ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 800 կամավոր է հերթագրվել 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 800 քաղաքացի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Գործարկել ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են ներառվել այս կամ այն աշխատանքում, կարող են հերթագրվել: Ունենք ավելի քան 800 հերթագրված: Շուտով պլանավորված աշխատանքները կուղղորդենք և կկարողանանք ավելի արդյունավետ օգտագործել բոլոր այն մարդկանց ներուժը, որոնք ուզում են այս իրավիճակում ցուցաբերել որոշակի աջակցություն»,- նշեց նախարարը:  

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 68 386 անձ:

ajax-loader