8 մլրդ 972 մլն դրամ է հատկացվել ճանապարհների նորոգման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։ Որոշման մասին հայտարարվեց օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը           8,972,683,160 դրամ է:

Մասնավորապես՝ իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի,  Վայքից Զառիթափ  7.5 կմ հատվածի,  Գորիսից Կապան 4 կմ  ճանապարհահատվածի, Կարբի- Օհանավան 5.8 կմ հատվածի, Ազատամուտի տարածքում 3.96 կմ հատվածի, Վերին Պտղնի- Ջրվեժ 8.2կմ ճանապարհահատվածի, Ջրվեժից Խարբերդ 9.5կմ ճանապարհահատվածի, Հրազդանի տարածքում 4.2 կմ հատվածի, Չարենցավանից  Ֆանտան 2.3 կմ  հատվածի, Արագյուղ – Հարթավան 1.3 կմ հատվածի (Երնջատափ գյուղը շրջանցող հատված), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի (2-րդ տեղամաս – 25 կմ), Ագարակաձորից դեպի Գնիշիկ 12կմ ճանապարհահատվածի, Ծիլքարից դեպի Լեռնապար 3.8 կմ հատվածի, Ներքին Բազմաբերդ– Կաքավաձոր  ավտոճանապարհի 4.1 կմ հատվածի, Ակնալիճ – Արևիկ 3.6 կմ հատվածի,  Արագյուղ – Քարաշամբ ավտոճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի, Հ-36 ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվում են Մուսալեռից Մեծամոր հատվածի մի մասում ջրահեռացման համակարգի, Արծվաբերդի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնման աշխատանքներ:

Ավարտվել են Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Բազում, Պուշկինի թունել 4,954 կմ հատվածի,   Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-4 – Աղավնավանք 11 կմ հատվածի, Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ հատվածի, Գյումրի  – Արևիկ – Այգեբաց – Վարդաքար –  մարզային նշանակության ավտոճանապարհի Այգեբաց, Վարդաքար 5.76 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

Ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության հետևյալ ծառայությունները՝ Դիլիջան-Իջևան հատվածում անվտանգության տարրերի բարելավում և սև կետերի շտկում,  Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհ հիմնանորոգում՝ Վանաձոր քաղաքի հատվածում,  Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի (Սելիմի լեռնանցք) 1 կմ հատվածի վերակառուցում, Մ-14 ավտոճանապարհի Շողակաթ -Շորժա 5.3 կմ հատվածի հիմնանորոգում, Երևանից – Ողջաբերդ 16.73 կմ հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգում,  Ոսկետափ – Վեդի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում և այլն:

Կառավարությունն ընդունել է որոշում՝  վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2022 թվականին խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։ Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։ Վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված Վերին Լարսի սահմանային անցակետի փակ լինելու պատճառով։

Այսպիսով՝ ծրագրի շրջանակում 2022 թ.-ին տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով  երկարաձգվել վարկերի մարման ժամկետները: 2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի  մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և Էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին: Արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետների երկարաձգման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը ստանալու նպատակով սահմանվում է, որ շահառուն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որում նշվում է արտահանման անհնարինության պատճառները և դիմումին կցում է դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն արտահանումների հաշվին ապահովված լինելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը: Ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկերից բացի 2023 թ. օգոստոսի 15-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ:

Գործադիրը հաստատել է  նաև Ներդրումների ներգրավման ծրագիրը:  Մասնավորապես, ներդրումային քաղաքականության համակարգի կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային արտոնությունների սահմանում, ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկ, արդյունավետ և գործուն համակարգի ստեղծում, ներդրումների խթանման և դյուրինացման մեխանիզմների ներդրում։  Ըստ հիմնավորման՝ ներկայացվել են ներդրումային միջավայրի հիմնախնդիրների լուծման ուղղությունները՝ ներդրումային արտոնությունների տրամադրման միջոցով։ Մասնավորապես՝ առաջնային ներդրումների արտոնության տրամադրման նպատակն է շահառու ձեռնարկությունների ներդրումային նախագծերի զուտ ներկա արժեքը (net present value) ավելացնելը, ներքին շահութաբերության մակարդակը (internal rate of return) բարձրացնելը և ներդրումների հետգնման ժամկետը (payback period) կրճատելը։ Արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի (cash grant) տեսքով կապիտալ ներդրումների 12%-ի չափով։ 

Աշխատատեղերի ստեղծման արտոնության (ԱՍԱ)  տրամադրման նպատակն է շահառու ձեռնարկությունների գործառնական ծախսերի կրճատումը՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի (cash grant) տեսքով սահմանված ժամկետում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր մեծության 12%-ի չափով։ Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ․-ի ծրագրի, նախատեսվում է գործազրկությունը իջեցնել մինչև 10%։ Աշխատատեղերի ստեղծման արտոնությունները կարող են գրավիչ պայմաններ հանդիսանալ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի արտահանելի ծառայությունների ոլորտում ձեռնարկություններ հիմնելու համար։ Ֆինանսատնտեսական մոդելների հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ստեղծել 3500 նոր աշխատատեղ՝ 6 տարվա հորիզոնում տրամադրելով 8.6 մլն ԱՄՆ դոլար արժեքով ԱՍԱ, ինչի արդյունքում կարող է 10 տարվա հորիզոնում գեներացվել 334 մլն ԱՄՆ դոլար արժեքով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Անձնակազմի վերապատրաստման արտոնության նպատակն է խթանել տեղաբնակ աշխատուժի մասնագիտական որակների կատարելագործումը և նվազեցնել գործատուների գործառնական ծախսերը։ Անձնակազմի վերապատրաստման արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի տեսքով, անձնակազմի վերապատրաստման գծով կատարված ծախսերի չափով, սակայն չի կարող գերազանցել սահմանված ժամկետում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր մեծության 8%-ը, որը վճարվում է նշված ժամկետի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում։

Գործադիրի որոշմամբ՝ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցը Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցին  միացման ձևով կվերակազմակերպվեն: Ըստ հիմնավորման՝ նման որոշում ընդունելու համար հիմք է հանդիսացել  այդ դպրոցների   սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների տեղակայման վայրը, շենքային պայմանները: ԿԳՄՍ նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով առաջարկում է վերակազմակերպել և հիմնել մեկ միջնակարգ դպրոց, որի  նպատակն է՝ ապահովել համայնքի տարածքում սովորողների հանրակրթության 3-րդ աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, բարձրացնել ուսման որակը՝ միջնակարգ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

Կառավարության որոշմամբ Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող 2 ավագ դպրոցները և 4 միջին մասնագիտական ու նախնական արհեստագործական  ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատությունները միացման ձևով կվերակազմակերպվեն՝ սովողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ նոր մասնաշենքի առկայության դեպքում հնարավորություն կստեղծվի միավորել ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, իսկ վարձակալության և տնտեսված այլ գումարը կտրամադրվի նյութատեխնիկական բազայի համալրմանը և մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը:

Մեկ այլ որոշմամբ էլ միացման ձևով կվերակազմակերպվեն Արմավիրի հ. 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ  նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:

Հավանություն է տրվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը  սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը: Նախատեսվում է հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով: Օրինագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններին կվերապահվի  հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացնելու նպատակով: Ըստ այդմ՝  առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործողությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է արդյունավետ դարձնել հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է հաստատել  հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները:

ajax-loader