Ռուսաստանը 8 ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա

Եվրամիությունն ազատվել է Ռուսաստանից գազի եւ նավթի մատակարարումների կախվածությունից, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ նախօրեին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Ռուսաստանն ութ ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա։ Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել լարված աշխատանքի շնորհիվ։ Իհարկե, մեզ օգնեցին լավ ընկերները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Նորվեգիան, որոնք աջակցեցին մեզ հեղուկացված եւ խողովակաշարային գազի մատակարարման հարցում»,- ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Եվրահանձնաժողովում կարծում են, որ Մոսկվան ձգտում էր փլուզել ԵՄ համախմբվածությունը՝ նվազեցնելով համայնքի երկրներին էներգակիրների մատակարարումները։ «Տեղի ունեցավ հակառակը»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան անկախ է ռուսաստանյան գազի, նավթի եւ ածխի մատակարարումներից։

«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր սպասում, որ մենք տնտեսապես հեշտությամբ կդիմանանք մի իրավիճակում, երբ Ռուսաստանից այլեւս չկան գազի մատակարարումներ դեպի Գերմանիա եւ Եվրոպայի շատ հատվածներ»,- նշել է նա:

ajax-loader