Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Բաբալարյանն ամփոփեց բոլոր քաշային կարգերում հանդես եկող մարզիկների գրանցած արդյունքները:

«Կան 6 օլիմպիական քաշային կարգեր, և մենք լավ մարզիկներ ունենք այդ քաշերում: Տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ փորձելու ենք հենց օլիմպիական քաշերին ավելի շատ ուշադրություն դարձնել: Ձգտելու ենք 6 քաշում էլ ուղեգիր նվաճել»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Բաբալարյանը, խոսելով ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանի եզրափակիչ մրցելույթի մասին, շեշտեց, որ ըմբիշը ցույց տվեց իսկական չեմպիոնական բնավորություն: Իսկ ինչ վերաբերում է 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի արդյունքին, մարզիչն ընդգծեց, որ եզրափակիչում Արթուրը հանդես էր գալիս վնասվածքով:

Հայաստանի հավաքականի մարզիչ .Գևորգ Ալեքսանյանն ընդգծեց, որ մինչ Եվրոպայի առաջնությունը բոլոր ուսումնամարզական հավաքներն անցնել են ըստ պլանավորածի և մարզիկներն էլ նվիրումով են մասնակցել նախապատրաստական փուլին:

«Մեզ համար առաջնային է աշխարհի առաջնությունը, քանի որ այն վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, և թիմը ձգտելու է առավելագույնս շատ քվոտա ստանալ»,-ասաց Ալեքսանյանը:

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի կարծիքով այս առաջնությունից հետո թիմը պետք է ամեն ինչ անի աշխարհի առաջնությունում առավել լավ հանդես գալու համար:
Նյութի աղբյուր https://www.1in.am/3263018.html

ajax-loader