Թռչնաբույծներն ահազանգում են. Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ 

Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:

Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։

Հայաստանում սպառվող թռչնամսի միայն 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2022 թվականին Հայաստան է ներմուծվել 38 հազար տոննա հավիս միս։ Նույն ընթացքում արտադրվել է 15 հազար տոննա։

Վերջին հինգ տարվա ընթացքում ներմուծման և արտադրության տվյալները ցույց են տալիս, որ հանրապետությունում տարեկան սպառվում է 50-55 հազար տոննա հավի միս, որի միայն շուրջ 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը։ 

Տեղական թռչնաբույծները դժգոհում են, որ առանց այն էլ շուկայում տեղական արտադրության մասնաբաժինն ընդամենը մեկ երրորդ է։ Ներմուծման զրոյական մաքսատուրքերի և դրա որակի վերաբերյալ չարաշահումներն ավելի խոցելի են դարձնում տեղական արտադրողներին։

Թռչնաբույծների միության տվյալներով՝ տեղական թռչնամսի 85-87%-ը շուկա է հանվում թարմ-պաղեցված, մակնշված վիճակում՝ օրական 45-50 տոննա։ 

մանրամասները՝ https://hetq.am/hy/article/155449

ajax-loader