Աստղաձորում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց և գազատար

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կառուցվել է  խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, իսկ «Քոնդալան», «Անոյի արտ» թաղամասերում եւ Ձորի թաղի 18 եւ 23-րդ փողոցներում անցկացվել է 1100 մետր երկարության վերգետնյա գազատար։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն  դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցներում գործող ջրատարի ներքին ցանցում նվազագույնի են հասցվել մատակարարվող ջրի կորուստները, շուրջ 200 տնտեսությունների համար բարելավվել է ջրամատակարարումը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել 2023 թվականի ապրիլի ընթացքում։

Աստղաձորի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերի վերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան նորաստեղծ թաղամասերի շուրջ 400 ընտանիք։ «Անոյի արտ» թաղամասում է կառուցվում Աստղաձորի մանկապարտեզի շենքը, որտեղ եւս գազաֆիկացման հնարավորություն կլինի։ Գազատարը փորձարկվել է եւ որոշակի ընթացակարգերից հետո պատրաստ կլինի շահագործման։

ajax-loader