Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. Պապոյան

Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը կարող է մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա։ Մյուս տարբերակով, ըստ Պապոյանի, կարող են լինել ինչ-որ վարելահողեր, որոնք պատկանել են մեր գյուղերին ու պետք է անցնեն մեզ։

«Դեմարկացիան եւ դելիմիտացիան հենց այդ գործընթացն է, բայց յդ գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքը լինելու է ու պետք է լինի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցին՝ դելիմիտացիայի արդյունքում պետք է լուծվի՞ անկլավների հարցը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց.

«Դա խաղաղության պայմանագրի մեջ պետք է արտացոլվի եւ եթե օրինակ, ձեռք բերվի պայմանավորվածություն, որ այն, ինչ սահմանից այն կողմ է, մնում է Հայաստանին եւ հակառակը, ապա այդ մասով, բնականաբար, չեն կարող տեղի ունենալ դեմարկացիա եւ դելիմիտացիա: Խաղաղության պայմանագրով պետք է ամրագրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, 29 800 քկմ-ն, ճանապարհների ապաշրջափակումը, տեւական խաղաղությունը եւ այլն: Այդ համատքստում, կարծում եմ, խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են պարունակել ռումբեր:

Մենք պետք է կնքենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի որևէ խնդիր ու նոր պատերազմի հավանականություն: Եվ ես սրանով եմ նաեւ պայմանավորում, որ գործընթացն այսպես երկարում է»,- ընդգծեց Պապոյանը։

ajax-loader