Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։

Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։

«Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», – հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել են խիստ համակարգված և ճշգրիտ հարվածներ ահաբեկիչների թաքստոցներին։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Պակիստանը «լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

«Այսօրվա գործողության միակ նպատակը Պակիստանի սեփական անվտանգության ու ազգային շահերի հետապնդումն էր», – հավելել են նախարարությունում։

Պակիստանի հետախուզությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ հարվածները հասցվել են ռազմական ինքնաթիռով՝ թիրախավորելով Իրանի ներսում գործող բելուջ զինյալներին։

Ինչպես ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքում՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Իսլամաբադը նաև հետ էր կանչել Իրանում իր դեսպանին։

ajax-loader