Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները:
Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 109, իսկ PM10-ի համար՝ 51: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:
Փետրվարի 20-28-ն ընկած ժամանակահատվածում, պայմանավորված նաև եղանակային պայմաններով, օդի որակի ցուցանիշները գտնվել են 30-75 միջակայքում, այսինքն՝ լավ կամ չափավոր»,-մանրամասնեց Հայկազյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց օդի որակի վերաբերյալ շարունակական արձանագրումները:
«Շատ կարևոր է նաև հիշեցնել, թե այս խոսակցությունները որտեղից են սկսվել. Երևան քաղաքի ավագանին պարտադրել է 4-րդ ռիսկայնություն ունեցող կառուցապատողներին բոլոր շինհրապարակներում տեղադրել օդի որակի չափման 2-ական սարք: Մենք քաղաքում ունենք 160-ից ավել նմանատիպ սարքեր, որոնք միացված են մեր ընդհանուր համակարգին և մենք տեսնում ենք Երևան քաղաքում ընդհանուր պատկերը»,-ասաց քաղաքապետը:
Նա անհրաժեշտություն համարեց օդի որակի բարելավման մասին քառամյա ծրագրի միջոցառումներին պարբերաբար անդրադառնալը: