Շարունակվում են հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման աշխատանքները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:

Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 62 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 36.5 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12.2 կմ:

Որոշման նպատակն է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 9 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ.-ին ավարտելու, թվով 2 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թ.-ին իրականացնելու, 2022-2023թթ. փոխանցիկ թվով 2 ճանապարհահատվածների և 2022-ից անավարտ մնացած թվով 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ. ավարտելու, ինչպես նաև թվով 1 ճանապարհահատվածի հեղինակային հսկողության վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։

Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 11,184,131,508.0 դրամ, որից 10,999,795,128.0 դրամ ՝ շինարարական աշխատանքների համար, տեխնիկական հսկողության համար՝ 98,661,468.0 դրամ, հեղինակային հսկողության համար՝ 85,674,912.0 դրամ։ Նշված բոլոր աշխատանքները նախատեսվում են ավարտել 2023 թ.-ին։

Հիմնանորոգվում են, մասնավորապես, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Փոքրաշենից դեպի Թորոս գյուղի 1.8 կմ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մալիշկայից դեպի Վայք 3 կմ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Զառիթափից դեպի Ջերմուկի խաչմերուկ 8.7 կմ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան համայնքներ 7.5 կմ, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններից դեպի Դիլիջանի օղակաձև հանգույց 1 կմ ( կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը), Երևան – Եղվարդ – Արագյուղ – Հարթավան – հանրապետական նշանակության ավտոճանապարհի Զովունիից դեպի Եղվարդ 15.6 կմ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արթիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3.9 կմ, Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի դեպի Գոշավանքի վանական համալիր 3.9 կմ, Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մարցից դեպի Աթան 17 կմ, Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի դեպի Ահնիձոր 4 կմ, Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի դեպի Լորուտ 1.6 կմ, Դիտավան ավտոճանապարհի դեպի Դիտավան 3.1 կմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածների, Երևան – Արմավիր – Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ Ընկերության բեռնային համալիր տանող 1.7կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգվում է նաև Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.4 կմ հատվածում գտնվող կամուրջը:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի 5 կմ ընդհանուր երկարությամբ՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգումը:

Կառավարությունը հաստատել է նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մակլեռ» հանգստավայրի 3 կիլոմետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ մակերեսով ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը: Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հանրապետությունում նմանատիպ ճանապարհների կառուցման փորձը՝ կանխատեսվում և գնահատվում է, որ այս ճանապարհի կառուցման արժեքը կկազմի շուրջ 900 մլն դրամ։

ajax-loader