Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված եւ պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները․ ԱԺ

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 12-ի հերթական նիստում ներկայացնելով հարցն առաջին ընթերցմամբ քննարկման:

Փոխնախարարի հավաստմամբ սահմանվում է, որ աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ, կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:

Նույն հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, առաջարկել է մասնավոր եւ պետական համակարգի գործատուների համար սահմանել աշխատավարձերի վճարման հետ կապված նույն պայմանները:

Ըստ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի՝ նախագիծն ուղղված է գործատուների եւ վարժանքի մասնակիցների միջեւ ծագող խնդիրների կարգավորմանը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է պատգամավորների բարձրացված հարցադրումները:

ajax-loader