ԱԺ այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանը ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:
Նա, մասնավորապես, ասել է․
«Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաեւ ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: Սահմանվում են զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող միջոցառման մասնակցելու, անհատական կամ կոլեկտիվ ձեւաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքներ:
Սահմանվելու է նաեւ համացանցով եւ զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության, տեղակայման, իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր կամ լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթի հրապարակումների: Նախատեսվում է առանց իրավասու վերադաս հրամանատարին՝ պետին, գրավոր տեղեկացնելու ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը: