64 համայնքում 24-ժամյա հերթապահություն է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու համար

ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 967 քաղաքացի ժամը 8:00-ի դրությամբ ապահովվել է կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը

«ժամը 08։00-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել է հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք-շինություններում: Գործընթացն անընդհատ շարունակելով՝ ՀՀ-ի 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն: Աշխատանքային խմբեր են ստեղծվել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և նրանց կարիքներն ապահովելու համար»,- նշեց Սանոսյանը:

Սանոսյանը դիմեց ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ այս տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ տեղյակ են բռնի տեղահանվածներից ովքեր որտեղ են բնակություն հաստատել: 

«Աղյուսակներով ունենք, թե ովքեր են հյուրանոցներում, ովքեր են հյուրատներում, ովքեր են հյուրընկալած ընտանիքներում: Այն տների հարցով, որոնք անհատույց տրամադրվել են բռնի տեղահանվածներին՝ համագործակցում ենք ՀԷՑ-ի, գազի, մյուսների հետ՝ համապատասխան կարիքները հոգալու համար: Օրվա ընթացքում մի քանի անգամ հեռավար նիստերի, հանդիպումների միջոցով փորձում ենք կանոնակարգել և համակարգել աշխատանքը»,- եզրափակեց Սանոսյանը:

ajax-loader