Շիրակում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 62 քաղաքացի

Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ  ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այդ մասին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային  խորհրդի նիստի ժամանակ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:

Մարզպետի տեղակալի հավաստմամբ՝ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։ Այս պահին Շիրակի մարզի հյուրանոցներում և պետական համայնքային տարածքներում հիմնականում այն ընտանիքներն են, որոնք դժվարանում են վարձով բնակարան գտնել և տեղափոխվել, քանի որ ընտանիքը բաղկացած է 1 կամ 2 անձից և տրամադրված գումարը չի բավարարում տան վարձակալության համար:

«Հոկտեմբերի 3-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում տեղավորված անձանց թիվը կազմել էր 591, իսկ արդեն նոյեմբերի 13-ի դրությամբ թիվը նվազել է՝ հասնելով 14-ի։  577 քաղաքացիներ մարզպետարանի աջակցությամբ տեղափոխվել են առանձնատներ և բնակարաններ»,-տեղեկացրեց մարզպետի տեղակալը։

Իսկ կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում Շիրակի մարզում տեղակայվել են բռնի տեղահանված 67 քաղաքացիներ՝ 26-ը՝ Գյումրի բժշկական կենտրոնի մասնաշենքում, 33-ը (16 ընտանիք)՝ Մարալիկի սոցիալական թաղամասում և 8-ը` Լանջիկում։

Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 687 աշակերտ, իսկ բուհերում՝ 45 ուսանող։

Շիրակի մարզպետարանից տեղեկանցում են, որ մարզի 24 բուժհաստատություններում  հաշվառվել, դեղորայք են ստացել,  ստացիոնար  բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության են ուղեգրվել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2479 քաղաքացիներ։

Մարզի բժշկական հաստատություններում ծննդաբերել է բռնի տեղահանված 5 կին, հաշվառվել է 23 հղի: Բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 5 բուժաշխատող, ևս 2-ն անցնում են փորձաշրջան, իսկ Շիրակի կրթական հաստատություններում աշխատանքի ընդունվելու հայտ է ներկայացրել 32 քաղաքացի, նրանց տվյալներն ուղարկվել են ԿԳՄՍ նախարարություն, աշխատանքի է ընդունվել 5-ը։

Մարզում ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել է 71 թափուր աշխատատեղ։     

ajax-loader